ՀայաստանՔաղաքականություն

Տեր Արամ քահանան կարգալույծ է հռչակվել

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի զեկուցագրի հիման վրա։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Տեր Արամը հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին։ Նշվում է նաև, որ նա վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և հրաժարվել մասնակցել Հանձնախմբի նիստերին։ Հարկ է նշել, որ նրա օրինակին է հետևել նաև Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Սակայն նա դեռևս կարգալույծ չի արվել։

Տեր Արամը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով՝ նշելով, որ Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, հրահանգել է մասնակցել այդ հավաքներին։ Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ որակելով այս գործողությունները ապօրինի քրեական հետապնդում և իշխանությունների կողմից հարված եկեղեցուն։ Նրանք նշել են, որ Տեր Արամի հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար՝ հերթական անգամ թիրախավորելով եկեղեցին։

Տեր Արամը հերքել է իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ վերջին զարգացումներին՝ նշելով, որ ինքը գրեթե ամիսուկես է այդ թեմաներից հեռու է եղել։