
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի միանում Էդմոն Մարուքյանի առաջադրման նախաձեռնությանը
Ազգային «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնել է, որ չի միանալու Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու գործընթացին։ Այն իրականացնում են պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Խմբակցության հայտարարության մեջ նշվում է, որ ներկայացվող թեկնածուն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, իր քաղաքական անցյալով չի տարբերվում գործող իշխանություններից և այդպիսով նույնչափ պատասխանատվություն է կրում երկրի իրավիճակի համար։
Դեմ ենք Նիկոլ Փաշինյանին փոխարինելու գաղափարին մեկ այլ նմանատիպ գործչով։ Այդ պատճառով էլ թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում, – ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանի նախկին կուսակիցներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու էին առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, ընդդիմադիր գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը դիմել էին Ազգային ժողովի պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել այդ նախաձեռնությանը, եթե գործընթացի կազմակերպիչները կարողանան ապահովել անհրաժեշտ ստորագրությունների թիվը։
Մայիսի 6-ին «Պատիվ ունեմ»-ը ևս արձագանքեց՝ նշելով, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ներկայում իշխանափոխության հնարավոր տարբերակ է։ Միաժամանակ ընդգծել էին, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու և պատրաստ են քննարկումների առանց նախապայմանների։