ԱրցախՔաղաքականություն

Շվեյցարիայում կգումարվի հանձնախումբ՝ արցախահայության վերադարձի իրավունքին աջակցելու նպատակով

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մայիսի 26-ին կմեկնարկի միջկուսակցական հանձնախմբի նիստը, որի նպատակն է աջակցել Արցախի հայ բնակչության՝ հայրենիք վերադարձի իրավունքի իրացմանը։ Հանձնախումբը բաղկացած է Շվեյցարիայի խորհրդարանի տարբեր խմբակցությունները ներկայացնող 19 պատգամավորներից։

Հանձնախմբի ձևավորումը հաջորդել է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի՝ մարտի 18-ին ընդունած որոշմանը, որով երկրին պարտավորեցվում է նպաստել արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Այս որոշումը, ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, իրավական պարտադիր ուժ ունի Շվեյցարիայի կառավարության համար։

Հանձնախմբի աշխատանքները գլխավորելու են պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը։ Նախաձեռնողները հայտարարում են, որ իրենց հիմնական նպատակը միջազգային վերահսկողությամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև երկխոսության հարթակի ստեղծումն է։

Բացման միջոցառման ընթացքում ելույթ կունենան ոչ միայն շվեյցարացի պատգամավորներ, այլև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Արցախի բժիշկ-վերականգնող Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդկամպը։