
Կապանում Ռուսաստանի հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում
Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքների, համայնքների և մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ մինչև մայիս նախատեսվում են կոնկրետ պայմանավորվածություններ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։
Նշենք, որ Սյունիքի մարզում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում արդեն գործում է աշխատանքային խումբ, որը պատասխանատու է հյուպատոսության բացման նախապատրաստական գործընթացների համար։