
Հայաստանն ու Ֆրանսիան երեք փաստաթուղթ են ստորագրել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի պաշտոնական այցի շրջանակում Երևանում ստորագրվել է երեք նոր փաստաթուղթ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների խորացմանը։ Սրա մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարի և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։
Երկրորդ փաստաթուղթը արձանագրություն է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին։ Այն նպատակ ունի ընդլայնել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գործունեության շրջանակները։ Այն հնարավորություն կտա «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալությանը գործել Հայաստանի տարածքում՝ նպաստելով պետական և տեղական կառույցների կարողությունների զարգացմանը։
Երրորդ փաստաթուղթը փոխըմբռնման հուշագիր է։ Ստորագրվել է «Enterprise Armenia» հիմնադրամի և Business France ընկերության միջև։ Հուշագրին կողմ են եղել «Enterprise Armenia»-ի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով և մասնակցում է նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովին։