ՀայաստանՔաղաքականություն

Խաղաղության պայմանագիրը կարող է վճռական ազդեցություն ունենալ Սահմանադրության վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա ինքը կնախաձեռնի Սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ ապահովելու համար պայմանագրի իրավական ուժը։ Այս մասին Փաշինյանը հայտնել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում։

Վարչապետի խոսքով, եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն կուղարկվի Ազգային ժողովի վավերացման, իսկ վավերացումից հետո այն ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։

Փաշինյանը վստահեցրել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է կտրուկ փոխել տարածաշրջանի իրավիճակը և ժողովուրդների ճակատագիրը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված խաղաղության օրակարգին և պատրաստ է շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ հասնելու խաղաղության պայմանագրի և այլ փաստաթղթերի ստորագրմանը։

Վարչապետը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի առաջարկները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Փաշինյանը խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» արտահայտության օգտագործումը՝ շեշտելով, որ նման տարածք Հայաստանի ինքնիշխան տարածքում գոյություն չունի, և նմանատիպ քննարկումները Հայաստանի համար անընդունելի են։

Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն մարտի 13-ին ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, իսկ ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում։