ՀայաստանՔաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շուտով կարող է պաշտոնական այցով Հայաստան գալ

Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն–2025» համաժողովի ընթացքում հայտնել է, որ Թեհրանը ծրագրում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան։

Խաթիբզադեի խոսքով՝ Երևանն ու Թեհրանը պահպանում են ակտիվ քաղաքական երկխոսություն, իսկ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարձր մակարդակով։

Նա հիշեցրել է, որ օրերս Իրան էր մեկնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Խաթիբզադեն ընդգծել է նաև տնտեսական համագործակցության խորացումը՝ նշելով, որ երբ փոխադրումներն իրականացվեն զրո տոկոս տոկոսադրույքով, հայ-իրանական տնտեսական կապերը կարող են թռիչքային զարգացում ունենալ։

Փոխնախարարը նշել է նաև, որ երկու երկրների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ Զբոսաշրջության, մշակույթի և միջմարդկային շփումների ուղղությամբ նույնպես նկատվում է դրական դինամիկա։

Նշենք, որ մայիսի 26-ին և 27-ին Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։ Դրան մասնակցում են Եվրամիության երկրների պաշտոնյաներ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մասնակցում է համաժողովին։