ՀայաստանՔաղաքականություն

Երևանի ավագանին կքննի կրթական հաստատությունների շենքերի օտարման գործարքները նախկին իշխանությունների օրոք

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնում է ավագանու քննող հանձնաժողովի ստեղծման գործընթաց: Նախաձեռնության նպատակն է ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել այն գործարքների պատմությունը, որոնց շրջանակում 1996-2018 թվականների ընթացքում մայրաքաղաքին պատկանող կրթական շենքերն ու տարածքները դուրս են բերվել համայնքային սեփականությունից և փոխանցվել տարբեր անձանց՝ այդ թվում նախկին պաշտոնյաների և նրանց մերձավորների:

Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը կպարունակի բոլոր փաստաթղթերի ուսումնասիրություն և հանրային հաշվետվություններ, որոնց միջոցով երևանցիները կտեղեկացվեն այդ տարիների ընթացքում տեղի ունեցած օտարումներից:

Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը պայմանավորված է նաև վերջին ավագանու նիստում ներկայացված տվյալներով, համաձայն որոնց՝ տարիներ առաջ ապօրինի կերպով օտարվել են մի քանի տասնյակ մանկապարտեզների տարածքներ: Գալջյանը նշել է, որ այս գործընթացը հնարավորություն կտա հանրությանը փաստարկված կերպով տեղեկացնել այդ գործարքների մանրամասների մասին:

Նշենք, որ ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետը հրապարակել էր 1998-2018 թվականների օտարված մանկապարտեզների ցանկը: