
Ձերբակալվել են քաղաքապետարանի երկու աշխատակիցներ․ խուզարկությունը քաղաքապետարանում շարունակվում է
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում այս պահին խուզարկություն է իրականացվում Երևանի քաղաքապետարանի մեկ մասնաշենքում։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Վարույթը վերաբերում է կաշառք տալու և ստանալու դեպքերին։
Օհանջանյանը նշում է, որ այդ գործողությունները կատարվում են ապացույցներ ձեռք բերելու նպատակով։ Մի շարք անձինք արդեն ձերբակալվել են։ Նրանց թվում են նաև քաղաքապետարանի երկու աշխատակիցները։
Քննության շահերից ելնելով՝ գործի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էին քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձինք, իսկ մայիսի 15-ին՝ 11 հոգի, որոնցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էր։