ՀայաստանՔաղաքականություն

Պետական եկամուտների կոմիտեն չի ժխտում Ադրբեջանի հետ բեռնափոխադրումների մասին նորությունները

Հայաստանի կառավարությունը արդեն չի ժխտում Ադրբեջանի հետ բեռնափոխադրումների մասին նորությունները։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վերահսկելու է Ադրբեջանից Հայաստանի տարածքով անցնող բեռների շարժը՝ իր իրավասությունների սահմաններում՝ ինչպես ցանկացած այլ սահմանի դեպքում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ կոմիտեի խնդիրն է ցանկացած սցենարի դեպքում ապահովել մաքսային վերահսկողության պատշաճ իրականացում։

Անդրադառնալով Երևանի կողմից Բաքվին առաջարկվող «դյուրացված ընթացակարգերով բեռների անցման» հնարավորությանը՝ Հակոբյանը նշեց, որ նման մեխանիզմներ արդեն գործում են Հայաստանի և այն երկրների միջև, որոնց հետ բաց սահմաններ կան՝ մասնավորապես Իրանի և Վրաստանի։

Դեռևս մարտի սկզբին իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է»։

 Չնայած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ամբողջական տարբերակը դեռ հասանելի չէ, սակայն կառավարության ներկայացուցիչները աստիճանաբար «բացում են» բովանդակությունը։