ՀայաստանՔաղաքականություն

Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա դեմ հարուցվել է քրեական գործ մի շարք հոդվածներով, որոնց թվում են փողերի լվացումը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելը։

Ըստ կոմիտեի՝ գործը վերաբերում է մի շարք դրվագների, որոնց շրջանակում Աբրահամյանը, ի պաշտոնե ունեցած դիրքը օգտագործելով, կազմակերպել է գործարքներ, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս։

Նա այս պահին արդեն իսկ ունի մեղադրյալի կարգավիճակ նաև մեկ այլ գործով։ Ըստ նախաքննության տվյալների՝ 2000 թվականին ստեղծված «Ավազահատիկ» ընկերությունը հանքարդյունաբերական գործունեություն է ծավալել Արարատի մարզում՝ ներգրավելով վարկային միջոցներ, իրականացնելով շուրջ 80 հազար դոլարի ներդրում և ձեռք բերելով հոսքագծեր։ Սակայն 2008-ին, գործի նյութերի համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաներ արհեստական խոչընդոտներ են ստեղծել ընկերության գործունեության համար՝ պահանջելով բաժնեմասերի 60 տոկոսը՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել հանքի շահագործումը։

Բացի «Ավազահատիկ»-ի գործից, դատարանում արդեն ընթացքի մեջ է նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում, որով պետությունը պահանջում է Աբրահամյանից և նրա մերձավորներից վերադարձնել մեծածավալ գույք, այդ թվում՝ տասնյակ անշարժ գույքեր, բիզնեսի բաժնեմասեր և միլիոնավոր դոլարների արժողությամբ փոխառություններ։

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին։