ՀայաստանՔաղաքականություն

Իրանի վրա հարվածները սպառնալիք են նաև Հայաստանի համար

Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները լուրջ սպառնալիք են ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հայաստանի համար։ Այս մասին հունիսի 13-ին «APRI Armenia» համաժողովում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանը դեռ վաղուց սկսել է նախապատրաստվել նման զարգացումներին։

Նա ընդգծել է, որ սա Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ոտնձգություն է, որն ապակայունացնող ազդեցություն է ունենալու ողջ տարածաշրջանի վրա։ Հայաստանի անվտանգության խորհրդում քննարկվում են տարբեր սցենարներ՝ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի պայմաններում, հաշվի առնելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները Նախիջևանում։

Անդրադառնալով հարցին, թե Իսրայելի հարձակումը ինչպես կարող է ազդել Հայաստանի վրա, Գրիգորյանը նշել է՝ պետք է որոշ ժամանակ անցնի՝ այդ ազդեցությունը գնահատելու համար։ Նա նաև հայտնել է, որ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ չի նախատեսվում, սակայն անհրաժեշտության դեպքում այն կկազմակերպվի։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի տարբեր շրջաններում՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ միջուկային ենթակառուցվածքներ։ Իսրայելի թիրախում էին Թեհրանը, Թավրիզը, Սպահանը, Իլամը, ինչպես նաև Նաթանզի միջուկային օբյեկտը։ Զոհվել են միջուկային ոլորտի կարևոր մասնագետներ և բարձրաստիճան զինվորականներ։ Իրանի առաջնորդը հարվածները հանցագործություն է անվանել՝ սպառնալով Իսրայելին «դառը ու սարսափելի ճակատագրով»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք «երկար ժամանակ լինելու են առաջնագծում, շատ ավելի երկար, քան նախկինում սովոր էին»: