Իրանը տարածաշրջանում չի շեղվի իր կարմիր գծերից. դեսպանը խոսել է Սյունիքում հնարավոր ագրեսիայի, հայ-իրանական ծրագրերի մասին
Իրանը չի շեղվի իր հռչակած կարմիր գծերից և պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումները՝ տարածաշրջանային ցանկացած զարգացումների պարագայում։ Այս մասին հունիսի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Սյունիքում Ադրբեջանի հնարավոր ագրեսիային և տարածաշրջանում անվտանգության աճող սպառնալիքներին։
Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից: Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք զգոնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, — հայտարարել է նա
Դեսպանը վստահեցրեց, որ Իրանը խաղաղության կողմնակից է, սակայն եթե պատերազմն իրեն պարտադրվի, պատրաստ է ամեն սցենարի։ Նա կոչ արեց չսրել իրավիճակը և ընդգծեց՝ «ծանր իրավիճակներում առավել հստակ են երևում բարեկամներն ու թշնամիները»։
Անդրադառնալով հայ-իրանական համագործակցությանը՝ հատկապես ենթակառուցվածքների ոլորտում, Սոբհանինը նշեց, որ ծրագրերը շարունակվելու են առանց դադարների։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են խուսափել սրացումներից, քանի որ լարվածության աճը սպառնալիք է բոլորի անվտանգությանը։
