
Երևանում բերման է ենթարկվել գործարար Սամվել Կարապետյանը
Հուլիսի 17-ին Երևանում բերման է ենթարկվել հայտնի գործարար, բարեգործ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը։ Նրա նկատմամբ գործողություններ են իրականացրել Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերը։
ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատել է, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, սակայն հրաժարվել է անուններ հրապարակել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահները ներխուժել են Կարապետյանի Ուլնեցի փողոցում գտնվող տուն, իրականացրել խուզարկություն։ Բակում գտնվող քաղաքացիներից ոմանք, որոնք փորձել են նկարահանում կատարել, նույնպես բերման են ենթարկվել։
Սամվել Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ «Սամվել Կարապետյան, զբաղվելու ենք քո հարցերով» հայտարարությունը։
Հրապարակային տարբեր աղբյուրներ այս գործողությունները կապում են գործարարի՝ վերջին օրերին իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների հետ՝ կապված Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցու դեմ տարվող արշավի հետ։
Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց եկեղեցու հազարամյակների պատմությունը, հարձակվել է եկեղեցու վրա, ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, — հայտարարել էր նա։
Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, որը հաստատելու է գալիս մամուլում տարածված նորությունները։
Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա, – գրել է նա իր սոցցանցում։