ԱշխարհՔաղաքականություն

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտի․ Թեհրանը հաստատում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը հարվածներ է հասցրել Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Նրա խոսքով՝ հարձակումը եղել է հաջող և կարևոր իրադարձություն ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իսրայելի և ամբողջ աշխարհի համար։

Թրամփը իր գրառմամբ հանդես է եկել Truth Social հարթակում՝ նշելով, որ գործողության նպատակն էր «ավարտել պատերազմը» և Իրանին ուղղել խաղաղ բանակցությունների։ Նա նաև զգուշացրել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղ համաձայնության, ապա կարող է բախվել «ավելի ծանր հետևանքների»։

Իրանի իշխանությունները հաստատել են հարձակումը։ Ըստ Fars գործակալության՝ Ֆորդոյի միջուկային կենտրոնում ՀՕՊ համակարգերը գործարկվել են թշնամական թիրախների հայտնաբերումից հետո, ինչից հետո լսվել են մի քանի պայթյուններ։ Նմանատիպ հարվածներ են արձանագրվել նաև Նաթանզում և Սպահանում։

Թեհրանը չի պատրաստվում ուշացնել պատասխանը։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնում են, որ միջուկային հարստացված նյութերը արդեն տեղափոխվել են ապահով վայր։ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանը կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու միջուկային ծրագիրը բոլոր հնարավոր միջոցներով։

Միջազգային դիտորդները լուրջ մտահոգություն են հայտնում, որ հարվածները կարող են նպաստել Մերձավոր Արևելքում նոր սրմանը։