ՀայաստանՔաղաքականություն

Վանաձորի նախկին քաղաքապետը տնային կալանքի տակ է

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, դատարանի որոշմամբ գտնվում են տնային կալանքի տակ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատարանը մերժել է Դարբինյանին պատկանող ընկերության երկու աշխատակիցների կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Սամվել Դարբինյանը և ևս չորս անձ ձերբակալվել էին։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով):

Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 17 տարի՝ 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Նր նկատմամբ հեղափոխությունից հետո բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Նա մեղադրվել է իր պաշտոնավարման տարիներին համայնքային գույքը էժան գներով ու ապօրինի իր ընտանիքի սեփականությունը դարձնելու, քաղաքում վատորակ շինարարություն թույլ տալու ու նաև յուրացումների համար, բայց որևէ գործով նա այդպես էլ մեղավոր չի ճանաչվել, պատիժ չի կրել: