
Իրականացվում են խուզարկություններ ՀՅԴ անդամների և Բագրատ Գալստանյանի կեցավայրերում
Հունիսի 24-ի առավոտից մի շարք խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ինչպես նաև կուսակցության տարածքային կառույցների անդամների բնակարաններում։
ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ խուզարկություններ են ընթանում Գերագույն Մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները խուզարկություն են կատարում նաև պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակարանում։
Նույն օրը հաղորդագրություն է տարածվել նաև «Սրբազան պայքար» շարժման կողմից։ Ըստ տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցներն այս պահին քննչական գործողություններ են իրականացնում շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում։