
Խուզարկություններից հետո, ըստ նախնական տվյալների, կա առնվազն 8 ձերբակալված
Հունիսի 25-ի առավոտից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է իրականացնում մի շարք անձանց տներում։ Դրանց արդյունքում, ըստ նախնական տվյալների, կա առնվազն ութ ձերբակալված։
Համացանցում շրջանառվող ոչ պաշտոնական ցուցակների համաձայն՝ ձերբակալվածների թվում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գործարար Տիգրան Գալստյանը, ակտիվիստ Արա Ռոստոմյանը, շարժման աջակից Մովսեսը և բլոգեր Արմեն Ալեքսանյանը։
Միաժամանակ, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը։
Քննչական գործողություններ են իրականացվել նաև Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի և նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի բնակարանում։ Տարածված տեղեկություններով՝ առգրավվել են հեռախոսներ, իսկ Էլիզաբեթ Պետրոսյանը տարվել է Էրեբունու քննչական բաժին՝ հարցաքննության։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խուզարկություններ են իրականացվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների և ՀՅԴ մի շարք ներկայացուցիչների բնակարաններում։ Մասնավորապես՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակարաններում։
Ներկայումս իրավապահ մարմինները չեն հրապարակել պաշտոնական հաղորդագրություն ձերբակալությունների և խուզարկությունների արդյունքների վերաբերյալ։