
Վաղարշապատում համայնքի ղեկավարի ընտրությունը կրկին տապալվեց
Հունիսի 25-ին Վաղարշապատ համայնքում կրկին չկայացավ համայնքի ղեկավարի ընտրությունը։ Ավագանու արտահերթ նիստի ժամանակ, որն անցկացվում էր ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ, կրկին քվորում չապահովվեց։
Նիստին մասնակցել էին միայն ընդդիմադիր «Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունների 11 անդամները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, որոնք կազմում են ավագանու 27 անդամների մեծամասնությունը (15 հոգի), ներկա չեն եղել նիստին։ Հունիսի 12-ին տեղի ունեցած նախորդ արտահերթ նիստը նույնպես տապալվել էր նույն սցենարով։
Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ 2025 թվականի մայիսի 27-ին Դիանա Գասպարյանը հրաժարական է տվել։
Դրանից հետո ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են համայնքապետի ընտրություն անցկացնելու գործընթացը, որը սակայն խափանվում է իշխող ուժի կողմից։
Վաղարշապատի ավագանին կազմված է 27 անդամից՝ որոնցից 15-ը պատկանում են ՔՊ խմբակցությանը, 10-ը՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքին, իսկ 2-ը՝ «Հայրենատէր» կուսակցությանը։
Նշենք, որ հունիսի 20-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել միավորել Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ նախատեսելով անցկացնել արտահերթ ընտրություններ։