
Քննչական գործողություններ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում և Շիրակի թեմի առաջնորդարանում
Հունիսի 27-ին քննչական և վարութային գործողություններ են իրականացվում Շիրակի թեմի առաջնորդարանում։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ գործողություններն անցկացվում են թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակության հասցեում։
Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել էր, որ քննությունը վերաբերում է «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին»։ Վարույթը նախաձեռնվել է Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» մասին հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։
Սրբազանի պաշտպան Թամարա Յայլոյանը հայտնել է, որ Միքայել Աջապահյանը այս պահին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Նշենք, որ այսօր Էջմիածնում նախատեսված էր Քահանայից ժողով։
Փաստաբանն ընդգծել է, որ իրեն չեն թույլատրել մուտք գործել առաջնորդարանի տարածք, որտեղ, ըստ հաղորդագրությունների, ոստիկանության ներկայացուցիչները հսկում են դռները։
Ավելի վաղ փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ մոտ «30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան»։
Մամուլում տեղեկություններ են տարածվում նաև այն մասին, որ Աջապահյանը Հայաստանում չէ։
Քրեական գործի մանրամասները այս պահին չեն հրապարակվում։