Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մեկնել Ղրղզստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին, որը մեկնարկել է հունիսի 30-ին Ղրղզստանում՝ Չոլպոն Աթայում։

Հայկական կողմը առայժմ չի ներկայացրել պաշտոնական մեկնաբանություն։

Հայաստանը 2024 թվականի սկզբին հայտարարեց, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։ Երևանը հրաժարվել է իր ֆինանսական բաժինը փոխանցել կառույցին, չի մասնակցում համատեղ զորավարժություններին և պաշտոնական հանդիպումներին։ Թեպետ Հայաստանը դեռևս պաշտոնապես դուրս գալու գործընթաց չի սկսել, շարունակում է քննադատել կազմակերպության գործունեությունը՝ հատկապես 2022 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումից հետո անգործության համար։

Հունիսի 21-ի հարցազրույցներից մեկի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը նշել էր, որ Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափում։

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։