
Խուզարկություններ «Տաշիր գրուպ»-ի գրասենյակում. քննություն է իրականացվում փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով
Հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացրել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ի երևանյան գրասենյակում։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ խուզարկությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարներ չվճարելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Քննչական կոմիտեն չի հայտնում, թե երբ է նախաձեռնվել տվյալ վարույթը և արդյոք այն ուղղակի առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ։
Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հաստատել է, որ քննչական գործողությունները իրականացվում են տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կողմից։
Հիշեցնենք՝ սա առաջին անգամը չէ, երբ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացնում Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Հունիսի 17-ին խուզարկություն էր իրականացվել նրա բնակարանում։ Նշենք, որ Սամվել Կարապետյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է իշխանության զավթման կոչերի համար, որի շրջանակում նա այս պահին գտնվում է կալանքի տակ։