ՀայաստանՔաղաքականություն

Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է ԱԺ հայտարարություն՝ դատապարտելով իշխանությունը բռնությամբ զավթելու փորձերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը վերաբերում է պետական իշխանությանը բռնությամբ տիրանալու փորձերին և ժողովրդավարության պաշտպանությանը։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։

Հայտարարության նախագծում իշխող ուժը խիստ դատապարտում է ահաբեկչության փորձ՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ։ Ըստ փաստաթղթի՝ այս փորձը բացահայտվել է իրավապահների կողմից 2025 թվականի հունիսին։

Հայտարարության մեջ նշվում է, որ նման արարքները խաթարում են երկրի կայունությունն ու ժողովրդավարական համակարգը և ուղղակի սպառնալիք են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության համար։

Նախագծում նաև ընդգծվում է, որ անթույլատրելի է Հայ առաքելական եկեղեցու ներքաշումը քաղաքական և հիբրիդային գործընթացներում։ Ըստ հայտարարության՝ Վեհարանը պետք է զերծ լինի հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին՝ վերադառնա իր բուն առաքելությանը՝ հոգևոր սպասավորությանը։

Հայտարարության հիմնական զեկուցողը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Նա «Ֆեյսբուքում» գրել է, որ առաջիկայում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ էլ այս նախագիծը կդրվի քննարկման։

Ազգային ժողովը, ըստ Կոնջորյանի, իր պաշտոնական գնահատականը կտա այն իրադարձություններին, որոնք ՔՊ-ն ներկայացնում է որպես Հայաստանի դեմ ծրագրված ահաբեկչություն։

Քաղաքացիական պայմանագիրը, որը ժողովրդավարությունը հռչակում է որպես գլխավոր արժեք, փաստացի գնում է մի ուղով, որը տանում է դեպի իշխանական վերահսկողություն բոլոր ոլորտներում։