
Գլխավոր դատախազը պահանջում է քրեական հետապնդում իրականացնել Սեյրան Օհանյանի դեմ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին պաշտոնապես դիմել է Ազգային ժողովին՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար։
Միջնորդության հիմքում տարիներ ձգվող մի գործ է, որի առանցքում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում գտնվող պետական հողատարածքի ապօրինի յուրացումն ու այնտեղ շքեղ առանձնատան կառուցումն է։ Ըստ քննչական մարմինների՝ Սեյրան Օհանյանը, 2008–2016 թվականներին լինելով ՀՀ պաշտպանության նախարար, բնության հատուկ պահպանվող գոտում կառուցել է առանձնատուն, այնուհետև օրինականացրել այն՝ օգտագործելով վստահելի անձանց անունները։
Նա զբաղեցրած պաշտոնը և իր ազդեցությունը օգտագործել է, որպեսզի առանց իրավական հիմքերի յուրացնի «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող շուրջ 11000 քմ հողամասը, կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հանձնարարել է ՊՆ ենթականերին կազմակերպել շինարարություն, այդ թվում՝ պաշտպանության նախարարության կողմից նախկինում մրցույթներ շահած շինարարական կազմակերպությունների մասնակցությամբ։
Այդ կազմակերպություններից մեկը՝ «Սիտտա Գրուպ» ընկերությունը, իր միջոցներով իրականացրել է ավելի քան 65 մլն դրամի շինարարական աշխատանքներ, սակայն Օհանյանի հանձնարարությամբ այդ գումարը չի վճարվել՝ այն դիտարկվել է որպես նախկինում տրված պետական արտոնությունների դիմաց ստացված կաշառք։ Կառուցված գույքն օրինականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը մրցույթին մասնակցել է իր վարորդի մորաքրոջ որդու՝ Բենիամին Ղալեչյանի անունից, մրցույթն անցկացվել է ձևական և Բենիամին Ղալեչյանը ճանաչվել է միանձնյա հաղթող, արդյունքում տարածքն ու դրա վրա կառուցված շինությունները նրա անունով վարձակալվել են 25 տարով, սակայն փաստացի դրանք շարունակել է տնօրինել հենց Սեյրան Օհանյանը։
Քննությամբ պարզվել է նաև, որ այդ շինությունները պահպանում էին ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, որոնք 2011–2016 թթ․ ստացել են ընդհանուր առմամբ 13 մլն դրամ աշխատավարձ՝ իրականում մասնավոր տարածք հսկելու համար։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տեղյակ լինելով ողջ գործընթացին և շինարարության փաստին, ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել այն դադարեցնելու, այլև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է ապօրինության օրինականացմանը։
Բացի այդ, Սեյրան Օհանյանը, որպես հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր պատգամավոր եղած տարիներին չի հայտարարագրել այդ գույքը, որի գնահատված շուկայական արժեքը տարեցտարի աճելով կազմել է շուրջ 123 մլն, ապա՝ 145 մլն, այնուհետև՝ 166 մլն դրամ։
Գլխավոր դատախազը նշել է, որ Օհանյանի գործողությունները պարունակում են պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերի կաշառքի ստացման, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման և հայտարարագրման ենթակա գույքի թաքցման հատկանիշներ։