
Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ»-ին․ վարչապետը պահանջում է հերքում և 1 միլիոն դրամ փոխհատուցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ նշելով, որ վերջինիս հրապարակած հոդվածում տեղ գտած մի շարք ձևակերպումներ զրպարտություն են իր հասցեին։ Վարչապետը պահանջում է հրապարակավ հերքել այդ տեղեկությունները և որպես ոչ նյութական վնաս՝ վճարել 1 միլիոն դրամ։
Խոսքն այն հոդվածի մասին է, որը «Հրապարակը» հրապարակել էր 2025 թվականի հունիսին՝ վարչապետի անձնական կյանքի վերաբերյալ։ Հոդվածում, մասնավորապես, ենթադրություններ են արված այն մասին, թե Փաշինյանը «դավաճանում է կնոջը» և «շատ ժամանակ է անցկացնում իր խոսնակի հետ փակ դռների հետևում»։ Թերթն այդ հարցադրումները հիմնավորել էր նրանով, որ վարչապետն ինքն էլ հրապարակավ հաճախ հարցադրումներով է հանդես գալիս, օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ։
Այս հրապարակումը վարչապետը համարել է ոչ միայն անհիմն, այլև վիրավորական՝ նշելով, որ իր համար ընտանիքը, բարոյականությունն ու հոգևոր արժեքները երբեք չեն եղել շահարկման գործիք։
Փաշինյանը դեռ հունիսի 6-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր՝ «Հրապարակին» անպայման դատի է տալու։ Հիմա արդեն գործը դատարանում է։ Վարչապետը պահանջում է, որ թերթը կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակավ հերքի ամբողջ հոդվածը՝ կոնկրետ վերնագրով և բովանդակությամբ, առանց որևէ մեկնաբանության կամ խմբագրական հավելման։ Այս դատական գործընթացը բավական ուշագրավ նախադեպ է, քանի որ այն առաջին անգամն է, երբ Փաշինյանը դիմում է դատարան՝ լրատվամիջոցի դեմ՝ որպես զրպարտված անձ։