
Պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այս որոշման արդյունքում հնարավոր է նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
Քվեարկությունը անցկացվել է գաղտնի ձևաչափով։ Արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Երկու միջնորդությունների դեպքում էլ կողմ էին 59 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չկային։
Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողով էր ներկայացրել միջնորդություններ՝ երկու նախկին նախարարներին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։
Ըստ քննության նյութերի՝ Սեյրան Օհանյանը կասկածվում է մի քանի ծանր հոդվածներով։ Մասնավորապես՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման և եկամուտների ու գույքի հայտարարագրում տվյալներ թաքցնելու մեջ։ Քննությունը պնդում է, որ Օհանյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնում լինելով, 2010-2015 թվականներին ապօրինաբար տիրել է Սևանի ազգային պարկի տարածքից ավելի քան մեկ հեկտար հողատարածքի։ Այդ հողամասում կառուցվել է առանձնատուն։
Արծվիկ Մինասյանին էլ մեղադրում են նախարարի պաշտոնը ծառայողական շահերին հակառակ օգտագործելու մեջ։ Ըստ նախաքննության՝ նրա գործողությունների հետևանքով օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանձնապես խոշոր չափերով գույք։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2016-ի սեպտեմբերից մինչև 2018-ի մայիսը՝ միաժամանակ լինելով նաև Սևանի ազգային պարկի խորհրդի նախագահի տեղակալ։
Բացի այս երկու գործերից՝ քննարկման փուլում է նաև «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամի՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ անձեռնմխելիությունը հանելու հարցը։ Գլխավոր դատախազը նրա նկատմամբ նույնպես քրեական հետապնդում հարուցելու, իսկ հետագայում նաև կալանքի միջնորդություն է ներկայացրել։ ԱԺ-ն դեռ շարունակում է այս գործով քննարկումները։