
Ինչո՞ւ է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված Հայաստանում կատարվող զարգացումներով
Հայաստանում վերջին շաբաթներին սրվող պետություն-եկեղեցի հարաբերությունները դուրս են եկել երկրի սահմաններից։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) պաշտոնական հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերջին զարգացումների կապակցությամբ՝ կոչ անելով իշխանություններին հարգել կրոնական ազատությունը և զերծ մնալ հոգևորականների նկատմամբ ճնշումներից։
Հայտարարության մեջ նշվում է, որ սուրբ վայրերի հանդեպ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին տեղեկությունները լուրջ հարցեր են բարձրացնում ոչ միայն կրոնական ազատության, այլ նաև պաշտամունքի վայրերի անձեռնմխելիության և կրոնական հաստատությունների ինքնավարության առումով։
ԵՀԽ-ն զգուշացնում է՝ հասարակության շրջանում ատելություն սերմանող հռետորաբանությունն առավել վտանգավոր է այն պահերին, երբ երկիրը բախվում է ներքին լարվածության ու բևեռացման։
Բառերը, որոնք ընկալվում են որպես վիրավորանք կամ թշնամություն որևէ կրոնական համայնքի հասցեին, կարող են խորացնել բաժանարար գծերը այն ժամանակ, երբ ավելի քան երբևէ անհրաժեշտ են միասնություն և փոխըմբռնում, – նշվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը հորդորում է Հայաստանի իշխանություններին երաշխավորել կրոնական առաջնորդների և եկեղեցական հաստատությունների պաշտպանությունը՝ նրանց արժանապատվության, իրավունքների և անվտանգության ապահովման միջոցով։ Միաժամանակ կոչ է արվում զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես թիրախավորում կամ հասարակական թշնամանքի հրահրում։
Այս միջազգային արձագանքը հնչում է այն ֆոնին, երբ Հայաստանում լրջորեն սրվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց եկեղեցիների վիճակը՝ դրանք անվանելով «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի սկզբին նա հրապարակային հայտարարություններ արեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին՝ իր կասկածները հայտնելով վերջինիս կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ և պնդելով, որ նման դեպքում նա չպետք է շարունակի զբաղեցնել կաթողիկոսի պաշտոնը։
Հաջորդիվ հասարակական մեծ արձագանք առաջացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումը։ Նա հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ձերբակալվեց և տեղափոխվեց ԱԱԾ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Արձագանքները շարունակվեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորմամբ՝ քաղաքական բնույթի քրեական գործի շրջանակում։
Այս ամենը արդեն դուրս է գալիս ներքաղաքական դիսկուրսից և մտնում է մարդու հիմնարար ազատությունների՝ մասնավորապես՝ հավատքի ազատության տիրույթ։ ԵՀԽ կոչով դիմում է բոլոր կողմերին՝ գործել զգուշությամբ, պատասխանատվությամբ և առաջնորդվել այն արժեքներով, որոնք միավորում են, այլ ոչ թե բաժանում։