
Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Այս որոշումը նշանակում է, որ Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ գործարարի նկատմամբ կալանքի որոշումը կայացվել էր հունիսի 18-ին։ Այդ որոշման դեմ բողոք էր ներկայացվել Վերաքննիչ դատարան՝ հունիսի 19-ին, սակայն Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, որոշեց հետ կանչել բողոքը։ Պատճառն այն էր, որ գործը մակագրվել էր ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկին՝ Արմեն Դանիելյանին։ Ըստ ընտանիքի ներկայացուցիչների՝ արվել էր ամեն ինչ, որպեսզի հենց այդ դատավորն անցկացնի քննությունը։
Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը նշել է, որ այս գործով Հայաստանում արդարադատության հնարավորությունները սպառված են։ Հունիսի 17-ին, երբ նրա տանը խուզարկություն իրականացվեց, նա արդեն հայտնվել էր հանրային ուշադրության կենտրոնում։ Նման զարգացում եղավ նրա՝ Հայ առաքելական եկեղեցուն ուղղված հրապարակային աջակցության ֆոնին։ Կարապետյանը քննադատել էր այն մարդկանց, որոնք «մոռանալով հայոց պատմությունը՝ հարձակում են գործել եկեղեցու վրա»։ Նրա այս հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց սոցցանցային գրառումներով։ Դրանցում հնչել էին վիրավորանքներ և ակնարկներ սպառնալիքների վերաբերյալ։
Հետագա օրերին Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել այն հիմքով, որ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցներով հարցազրույցի ժամանակ կոչ է արել «իշխանությունը զավթել»՝ Սահմանադրությամբ չնախատեսված ճանապարհով։