ՀայաստանՔաղաքականություն

Ո՞ւմ էր հասցեագրված Բագրատ սրբազանի միտքը. Քննչական կոմիտեն պահանջում է հերքում

Քննչական կոմիտեն հրապարակային հայտարարությամբ արձագանքել է մամուլում տարածված այն պնդումներին, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մեղադրանքի հիմքում ընկած ձայնագրության մեջ հնչած արտահայտությունները համատեքստից կտրված են եղել։

Մասնավորապես, ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը վստահեցնում է՝ որևէ մոնտաժ կամ համատեքստային խեղաթյուրում չի եղել։ Ըստ նրա, «պատի տակ գյուլլելու» արտահայտությունը չի վերաբերում թմրամիջոց տարածողներին, ինչպես պնդել էր «Հրապարակ» օրաթերթը։ Ավդալյանը միաժամանակ պահանջել է թերթից հրապարակել հերքում։

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ձայնագրության ամբողջական տարբերակում Բագրատ սրբազանն այս արտահայտությունն անում է թմրամիջոցներ տարածողների մասին խոսելիս՝ նշելով, որ նման մարդիկ ոչնչացնում են ազգը։ Թերթը հավելել էր, որ սրբազանի միտքը «պատի տակ գյուլլենք» արտահայտությամբ վերաբերում է հենց այդ խմբին։

Քննչական կոմիտեն, սակայն, պնդում է, որ ձայնագրությունում թմրամոլների մասին խոսք չկա։ Նման ձևակերպումներն ուղղակի ապատեղեկատվություն են։ Նշենք, որ ձայնագրությունների հրապարակումից մեկ օր առաջ՝ հունիսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր մի հրապարակում, ըստ որի՝ ընդդիմադիրները ծրագրել էին պետական հեղաշրջում։ Նույն հրապարակման մեջ հիշատակվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։

Մեկ օր անց՝ հունիսի 25-ին, խուզարկություններ կատարվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ շարժման ղեկավարությունն ու անդամները ծրագրել են ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթում։ Նույն օրը ձերբակալվեցին 16 անձ, այդ թվում՝ Բագրատ Գալստանյանը։ Դատարանը երկու ամսով կալանավորեց մի շարք ակտիվիստների։ Երկամսյա կալանք է կիրառվել նաև Բագրատ Գալստանյանի նկատմամբ։ Նա այժմ պահվում է ԱԱԾ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։