
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ նա երեկ այցելել էր Հակակոռուպցիոն կոմիտե
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Թե ինչ գործով ու ինչ կարգավիճակով, կոմիտեն պաշտոնապես չի հայտնում, սակայն նշվում է, որ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա։
Այս պահին որևէ պաշտոնական պարզաբանում չկա՝ ո՛չ կոմիտեի կողմից, ո՛չ էլ Ծառուկյանի թիմից։ Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 8-ին, գործարարի փաստաբանը հայտարարում էր, որ Ծառուկյանը որևէ քննչական գործընթացի մեջ ներգրավված չէ։
Այժմ պարզ չէ՝ գործի ընթացքն է փոխվել, թե փաստաբանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Թե ինչու է Ծառուկյանը հարցաքննվել ու ինչ գործի շրջանակում, առայժմ մնում է փակագծերից ներս։ Բայց այս այցելությունը հարցեր է առաջ բերում՝ հատկապես քաղաքական դաշտում շարունակվող լարվածության ֆոնին։
Նշենք, որ դեռևս 2020 թվականին Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր 2 ամսով։ Նա, լինելով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։Առաջին ատյանի դատարանն այդ ժամանակ բավարարել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։