
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով։ Դատական նիստը տեղի ունեցավ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորն ընդունեց ինչպես կալանավորման, այնպես էլ տեսակցությունների սահմանափակման վերաբերյալ քննիչի միջնորդությունները։
Սարգսյանին դատարանի դահլիճից տեղափոխեցին Քրեակատարողական հիմնարկ։ Նրան մեղադրում են ահաբեկչության և իշխանության զավթման նախապատրաստման համար։ Այս վարույթը վերաբերում է «Սրբազան պայքար» շարժման շրջանակում իրականացված գործողություններին, որոնց կապակցությամբ իրավապահները հայտարարում են՝ եղել է կազմակերպված ծրագիր՝ պետության դեմ։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովը հաստատել էր կողմ ձայների մեծամասնությամբ։ Այդ ընթացքում Սարգսյանը իր կամքով ներկայացել էր Քննչական կոմիտե, հայտարարելով, որ իր նկատմամբ կալանքի որոշումն արդեն կայացված է։
Նույն դատավորը շաբաթներ առաջ կալանավորել էր նաև «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանին։