ՀայաստանՔաղաքականություն

Ինչո՞ւ ազատ արձակվեցին «ահաբեկչության գործով» ձերբակալվածները

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին քննչական մարմնի կողմից «ահաբեկչության նախապատրաստման» կասկածանքով բերման ենթարկված 7 քաղաքացիներից 5-ը։ Նրանց թվում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների ու կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

Հուլիսի 10-ին իրավապահ մարմինները միաժամանակ խուզարկություններ իրականացրին մի շարք դաշնակցական գործիչների տներում՝ Գեղամ Մանուկյանի, Վահագն Մատինյանի, ինչպես նաև Գևորգ Մուրադյանի բնակարաններում։ Վերջինս՝ ՀՅԴ Երիտասարդական միության նախագահն է և «Եղվարդ» համայնքի ավագանու անդամ։

Խուզարկություններից հետո 7 անձ ձերբակալվեց։ Սակայն երեք օր անց՝ առանց մեղադրանք ներկայացնելու, նրանցից հինգը ազատ արձակվեցին։ Այս պատմության ամենաանհավատալի մասը թերևս մի երիտասարդի դեպքն է, որն, ըստ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, կապ չունի ոչ քաղաքականության, ոչ Դաշնակցության, ոչ էլ՝ սթրայքբոլ խաղի հետ, որի շուրջ հիմնականում պտտվում են գործի մանրամասները։

Կալանավորված է միայն երկու անձ։ Նրանցից մեկը՝ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է՝ սթրայքբոլի սիրահար, որի առողջական վիճակը նրան ազատել էր բանակից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Մյուս դեպքը առանձին վարույթով քննվում է. այս անձի տանը նռնակ է հայտնաբերվել, ու նա մեղադրվում է ոչ թե ահաբեկչություն պատրաստելու, այլ ապօրինի զինամթերք պահելու համար։