ՀայաստանՔաղաքականություն

Գլենդել քաղաքում Հայ առաքելական եկեղեցու համար ցույցեր են

Ամերիկայի հայ համայնքը կրկին փողոցում է։ Այս անգամ՝ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում, Հայաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց։ Ակցիայի մասնակիցներն ահազանգում են՝ Հայաստանում վտանգված է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, այլև՝ ազգային ինքնությունը։ Հավաքվածները պահանջում են վերջ տալ հոգևորականների ու եկեղեցուն սատարող անձանց դեմ տարվող քաղաքական ճնշումներին և ազատ արձակել Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանին։

Նրանց համոզմամբ՝ հայ եկեղեցու վրա կատարվող հարձակումները նպատակ ունեն աղավաղել մեր պատմական ինքնությունն ու ազգային միասնականությունը։ Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խիստ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ դրանք անվանելով «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2-ին հայտարարեց, որ եթե պարզվի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, ապա նա չի կարող մնալ կաթողիկոս։ Փաշինյանը գրեթե ամեն օր գրառումներ է անում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։ Հունիսի 24-ին իշխանական կայքերից մեկում հրապարակվեց նյութ՝ ընդդիմադիրների կողմից պետական հեղաշրջման փորձի մասին, որտեղ հիշատակվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։ Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց։ Հունիսի 28-ին նույն ճակատագիրը կիսեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Պատճառը՝ նրա հրապարակային հայտարարությունն էր Հայ եկեղեցու պաշտպանությամբ։ Վարչապետը դրանից հետո նրան ուղղված վիրավորական ու սպառնալի գրառումներ արեց։ Ապա քրեական գործ հարուցվեց՝ զանգվածային լրատվության միջոցով իշխանության զավթման հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվեց և այժմ պահվում է ԱԱԾ-ին կից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։