
Սամվել Կարապետյանը կալանքից հայտարարում է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին
«Տաշիր» խմբի հիմնադիր ու ղեկավար Սամվել Կարապետյանը, ով այս պահին կալանավորված է Հայաստանում, հայտարարել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մտադրության մասին։ Սա նրա առաջին ուղերձն է հանրությանը՝ կալանավորումից հետո։ Կարապետյանը շեշտում է՝ նպատակ ունի ձևավորել սկզբունքային նոր թիմ, որն ունենալու է իր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ։
Մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ, – նշվում է նրա տարածած հայտարարությունում։
Նա ընդգծում է՝ իր ձևավորելիք քաղաքական ուժը կլինի հենված արդարության, ազգային համախմբման և ապակենտրոնացման գաղափարների վրա։
Մերժում ենք հասարակությանը բաժանելու բոլոր փորձերը՝ լինի դա սև-սպիտակի կամ արհեստական այլ ձևով։ Դրանք այն գործիքներն են, որոնցով գործող իշխանությունը պառակտում ու թուլացնում է երկիրը, – նշել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» խմբի հիմնադիրն ու ղեկավարն է, ով վերջին տարիներին հիմնականում բնակվում է Ռուսաստանում։ Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։