ՀայաստանՔաղաքականություն

Ե՞րբ Հայաստանը կմիանա Եվրամիությանը

Հայաստանը ԵՄ անդամ դառնալու ցանկություն ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա հայտարարեց հուլիսի 16-ին՝ ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է երկիրը մոտեցնել եվրոպական չափանիշներին, անկախ նրանից՝ անդամակցությունը կհաստատվի, թե ոչ։

Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար այս պահին կան երկու սցենարներ՝ կամ անդամակցել Եվրամիությանը, կամ չանդամակցել, բայց կառուցել այնպիսի համակարգ, որը կլինի եվրոպական որակի։ Նա վստահեցրեց՝ կառավարությունն այս նպատակով սկսել է խորքային բարեփոխումների նոր փուլ։ Նա հիշեցրեց, որ Բրյուսելում վերջին այցի ընթացքում քննարկվել է նաև վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Ըստ նրա՝ սա ևս մի քայլ է եվրոպական ընտանիքին մոտենալու ճանապարհին։

Չնայած այդ հայտարարությանը պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ին միանալու հերթում 10 երկիր կա այս պահին, իսկ Հայաստանն այդ հերթում չէ։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ կառույցին միացել է 3 պետություն՝ Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան։ Այս պահին Եվրամիության երկրները 27-ն են։

Փաշինյանը արձագանքեց նաև Ռուսաստանից հնչող քննադատություններին, ըստ որոնց՝ անհնար է միաժամանակ լինել ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ ձգտել դեպի ԵՄ։

ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին բուռն արձագանքեցին Կրեմլից՝ նշելով անգամ, որ ԵՄ-ին միանալը կփակի ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար։ Օրեր առաջ անդրադարձել էինք, թե ինչ ազդեցություն կունենա ԵՄ-ին միանալն ու ԵԱՏՄ-ից հեռանալը։ Հարցազրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում էր, որ ԵՄ շուկա մտնելու դեպքում հայկական ապրանքները մրցունակ կդառնան, ու ԵՄ-ն երկարաժամկետ հատվածում կայուն աճի համար ավելի նպաստավոր միջավայր է։

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրամիությանը անդամակցելու քաղաքական գործընթաց սկսելու որոշում է կայացրել 2025-ի սկզբին։ Փաշինյանը նշել էր՝ այն չի նշանակում, որ մենք արդեն անդամ ենք դառնում։ Նախ՝ պետք է հստակ քայլերի ու բարեփոխումների ճանապարհային քարտեզ, ապա՝ հանրաքվե։