
Սահմանները դեռ փակ են, բայց խոսակցությունները բաց են․ արդյո՞ք Հայաստանի ու Թուրքիայի սահմանը կբացվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջերս ունեցած հանդիպումը։ Թեև այդ հանդիպումը չի բերել կոնկրետ արդյունքների՝ օրինակ՝ սահմանների բացման տեսքով, վարչապետն այնուամենայնիվ վստահ է՝ ճիշտ ուղղությամբ են շարժվում։
Վարչապետի խոսքով՝ Էրդողանի հետ քննարկումները եղել են բաց և անկեղծ։ Կողմերը խոսել են ոչ միայն սահմանների բացման ու կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, այլև Անիի պատմական կամրջի վերականգնման հնարավոր նախագծի շուրջ։ Այս թեման, ըստ Փաշինյանի, ունի ոչ միայն խորհրդանշական, այլև պրակտիկ նշանակություն։
Անիի կամրջի վերականգնման շուրջ երկխոսությունը սկսվել էր դեռևս 2023 թվականին։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը այն հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել, հստակ պատասխան չի տվել՝ նշելով. որ «Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ»։
Վարչապետը նշեց՝ հասարակությունն, իհարկե, ակնկալում է շոշափելի արդյունք, բայց նման բարդ գործընթացները չեն կարող լուծվել մեկ հանդիպմամբ։
Այդպիսի խորքային խնդիրները մեկ գործողությամբ չեն լուծվում։ Կառուցողականության հիմքում պետք է լինի վստահություն, իսկ դրա ձևավորումը պահանջում է ժամանակ։ Բայց ես կասկած չունեմ, որ կհասնենք այդ կետին։ Դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, և սահմանը կբացվի,– ասաց նա։
Նա նաև ընդգծեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ թե զիջում է, այլ Հայաստանի անկախության ու կայունության ռազմավարական հենասյուներից մեկը։ Այսինքն՝ խաղաղ հարևանություն կառուցելն արդեն անվտանգության քաղաքականության մաս է։ Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Սակայն, հայ-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկա են գրանցել։ Երկու երկրների սահմանի կարգավորման հարցում բանակցություններ են սկսվել։ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի իր գործնկեր Սերդար Քըլըչը մի քանի հանդիպում են ունեցել։ Ամռանը կայացած հանդիպմանը կողմերը ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։
Բացի այդ, Արարատ Միրզոյանը ավելի վաղ շեշտել էր, որ Հայաստանն արդեն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ 2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն, պայմանավորվածությունից երկու տարի անց չկա այն հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Ռուբեն Ռուբինյանը դեռ 2022 թվականի հուլիսին նշել էր, որ հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից, և որ Հայաստանը միշտ կառուցողական է եղել։