ՀայաստանՔաղաքականություն

«Տաշիրը» դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել Սամվել Կարապետյանի պաստառները

«Տաշիր» հիմնադրամը դատարանում վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը։ Դրա արդյունքում ապամոնտաժվել են գործարար Սամվել Կարապետյանի նկարներով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։ Դրանք հանվել են «Դալմա Գարդեն Մոլ»-ի շենքից դեռ հուլիսի 1-ին։

Հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Ալոյանի խոսքով՝ իրենք պահանջում են դատարանից ճանաչել այդ գործողությունները ոչ օրինական, քանի որ պաստառների տեղադրումը եղել է իրենց նախաձեռնությամբ ու իրենց տարածքում։ Հայցը ներկայացվել է հուլիսի 17-ին և մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով պաստառների հեռացման փաստը, նշել է, որ դա արվել է օրինականության պահպանման շրջանակում։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի շուրջ սկսված իրավական գործընթացները սրվեցին այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն։ Նրա այդ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց, և շուտով գործարարի դեմ քրեական վարույթ նախաձեռնվեց՝ սահմանադրությունը խախտող հրապարակային կոչերի մեղադրանքով։

Կարճ ժամանակ անց՝ հունիսի 18-ին, Կարապետյանը կալանավորվեց։ Իսկ նույն օրը Փաշինյանը հայտարարեց՝ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։ Հուլիսի 2-ին այն պետականացվեց։