
Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը ոչ թե կտա պետությունը, այլ պետականացված ՀԷՑ-ը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) ժամանակավորապես նոր ղեկավար ունի՝ Ռոմանոս Պետրոսյանը։ Բայց այս պատմության ամենաբուռն հատվածը ոչ թե նրա նշանակումն է, այլ այն, թե ով է վճարելու նրա աշխատավարձը։ Պատասխանը հստակ է՝ հենց ՀԷՑ-ը։ Այո՛, այն նույն ընկերությունը, որը օրերս պետականացվեց։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշել է, որ Պետրոսյանը, ժամանակավոր կառավարիչ լինելով, պետք է ստանա այնքան, որքան ՀԷՑ-ի մշտական գլխավոր տնօրենը։ Եվ այդ գումարը դուրս է գրվելու հենց ընկերության բյուջեից։ Այսինքն՝ ոչ թե պետական բյուջեն է հոգալու այդ ծախսը, այլ նույն այն կազմակերպությունը, որի ղեկավարման խնդիրների պատճառով էլ այժմ նոր ղեկավար է նշանակվել։
ՀԾԿՀ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում է՝ «ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրումն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ հանձնաժողովի նախագահի սահմանած չափով»։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի դեմ ընթացող վարչական վարույթը մեկնարկել է Կառավարության առաջարկով։ Հենց դրա շրջանակում էլ հանձնաժողովը որոշել է ժամանակավոր կառավարում սահմանել։
Ստացվում է՝ մի կողմից կառավարությունը հայտարարում է ՀԷՑ-ը պետականացնելու մասին, մյուս կողմից՝ հենց ՀԷՑ-ն էլ վճարում է իր աշխատանքի դիմաց իր ղեկավարին։