
Ինչպե՞ս են արձագանքել հարևան երկրները «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ իրավիճակին․ Իրանը կիսում է Հայաստանի դիրքորոշումը
Հայաստանի արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին ուղիղ ու կտրուկ է։ Երևանը պարզ ասում է՝ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն երբեք չի եղել և չի քննարկվելու։ Հայաստանի վարչապետի խոսնակի խոսքով՝ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում այն տրամաբանությամբ, ինչ ներկայացնում է Ալիևը, քանի որ այդ մոտեցումը ենթադրում է հայկական տարածքի՝ մասնավորապես Սյունիքի նկատմամբ թաքնված տարածքային հավակնություն։
Ալիևն իր վերջին հայտարարությունում սպառնում էր, թե եթե Հայաստանը «չբացի միջանցքը», կարող է հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ։ Նա նաև նշեց, որ այդ երթուղում ադրբեջանցիները չպետք է տեսնեն հայ սահմանապահների։ Դա նշանակում է՝ ադրբեջանական բեռներն ու քաղաքացիները պետք է շրջանցեն հայկական վերահսկողությունը։ Հայաստանիի արձագանքը միանշանակ է․ դա խախտում է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգությանը սպառնացող նախադրյալներ է ստեղծում։
Երևանն ընդգծում է՝ եթե որևէ երկիր մտնում է Հայաստանի տարածք՝ ապրանքով կամ առանց ապրանքի, ապա պետք է անցնի մաքսային ու սահմանային ստուգում, ինչպես պահանջում է միջազգային պրակտիկան։ Եթե բեռը վտանգավոր է, օրինակ՝ քիմիական նյութ է, ու ճանապարհին վթարվում է՝ պատասխանատվությունը կրելու է Հայաստանը։ Հետևաբար, Հայաստանի տարածքում առանց հայկական վերահսկողության երթուղի՝ չկա և չի լինելու։
Հայաստանն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ փոխադարձության հիմքով՝ բոլորի համար բաց, անվտանգ ու վերահսկելի ուղիներ։ Երևանը պատրաստ է տալ տարանցման հնարավորություն նաև Ադրբեջանին, բայց հստակ պայմանով՝ միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգմամբ։
Այս հարցում Հայաստանը միայնակ չէ։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ևս հիշեցրել է իր երկրի դիրքորոշումը՝ տարածաշրջանում որևէ ճանապարհ կամ հաղորդակցություն չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը կամ փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը։ Իրանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում որևէ փորձ՝ կտրելու Հայաստանի սահմանը Իրանի հետ։
Թուրքիան կողմ է միջանցքին, բայց «համերաշխության խորհրդանիշ» է իբրև հանդես գալիս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով այս հարցի մասին, նշել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կարող է կապել տարածաշրջանը արտաքին շուկաների հետ և դառնալ համերաշխության խորհրդանիշ։ Սակայն, այդպես էլ չի անդրադարձել Հայաստանի ինքնիշխանության ու վերահսկողության սկզբունքին։