
Հայաստանը կարող է չկատարել միջազգային դատարանի որոշումը ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի կառավարությունը պարտավոր է կատարել միջազգային դատարանների որոշումները, բայց դա չի նշանակում, թե այն անվերապահ է բոլոր դեպքերում։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի գործով միջազգային արբիտրաժում Սամվել Կարապետյանի ընտանիքի հաղթանակին։
Հուլիսի 23-ին Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը տեղեկացրեց, որ ընտանիքը հաղթել է Հայաստանի կառավարության դեմ ներկայացված հրատապ արբիտրաժային գործը։ Սա վերաբերում է ՀԷՑ-ի շուրջ սկանդալային գործընթացներին, որտեղ պետությունը հայտարարեց էլեկտրացանցը պետականացնելու մասին։ Ի պատասխան՝ կառավարությունն ընդգծեց, որ միջազգային դատարանի որոշումները պետք է դիտարկել ոչ միայն կոնկրետ արբիտրաժային վճռի, այլ նաև Հայաստանի օրենսդրության և միջազգային պայմանագրերով նախատեսված ընթացակարգերի համատեքստում։
Գալյանն իր հայտարարության մեջ բացատրեց, որ այդպիսի գործերի հիմքում ընկած են երկկողմ ներդրումային համաձայնագրեր, որոնց հիման վրա էլ գործել է արբիտրաժը։ Նա հիշեցրեց, որ արբիտրաժային որոշման կատարման համար կան կոնկրետ մեխանիզմներ՝ ամրագրված նաև Նյու Յորքի կոնվենցիայով, որին միացել է Հայաստանը։ Արդարադատության նախարարը նաև հատուկ շեշտեց՝ միջազգային դատարանի որոշումը կարելի է չկատարել, եթե այն հակասում է հանրային կարգին։
Կարապետյանների ընտանիքը կարող է դիմել դատարան՝ արբիտրաժային վճիռը ճանաչելու և այն պարտադիր կատարելի դարձնելու համար։ Ներպետական դատարանն է որոշելու՝ կատարե՞լ այդ վճիռը, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման օրենսդրական փաթեթը՝ 65 կողմ, 27 դեմ ձայներով։