ՀայաստանՔաղաքականություն

«Մենք վերջապես հասանք խաղաղության»․ Փաշինյան, Թրամփ և Ալիև հանդիպումը ավարտվել է փաստաթղթերի ստորագրմամբ

Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որն ավարտվել է մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ։ Հանդիպումը տևել է մոտ 20 րոպե։ Մինչ այդ, Թրամփը առանձին երկկողմ բանակցություններ է անցկացրել Փաշինյանի և Ալիևի հետ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ստորագրված փաստաթղթերից մեկը վերաբերում է «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծին, որը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի, Հայաստանի և Նախիջևանի միջև։ Բացի այդ, սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մտադրության մասին հռչակագիր։

Կողմերը նախատեսում են նաև ստորագրել շրջանակային համաձայնագիր, որով ամրագրվում է խաղաղության ուղղությամբ համագործակցությունը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ ստորագրումից հետո կողմերից ոչ մեկը չի կարող փոփոխել կամ չեղարկել արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի 17 հոդվածները։

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է նաև փաստաթղթեր, որոնք վերաբերում են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության խորացմանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման ընթացքում ստորագրվել է երեք հիմնական փաստաթուղթ՝ «Խաղաղության խաչմերուկի» ԱՄՆ բարձր ճանաչման, էներգետիկ անվտանգության և բարձր տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ։

Սա Փաշինյանի և Թրամփի առաջին պաշտոնական հանդիպումն է ԱՄՆ նախագահի երկրորդ պաշտոնավարումից հետո։