
Իրանը ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, սակայն դեմ է արտաքին միջամտությանը
Իրանը պաշտոնապես ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Սակայն Թեհրանը զգուշացնում է․ ցանկացած արտաքին միջամտություն կարող է վտանգել տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը։
Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «X» սոցիալական հարթակում, նշվում է․
Մեր տարածաշրջանի խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա։ Մենք դեմ ենք ցանկացած արտաքին միջամտությանը, հատկապես՝ մեր ընդհանուր սահմանների մոտ։
Թեհրանը նաև ընդգծում է, որ հաղորդակցային ուղիների բացումը կարող է նպաստել տնտեսության և անվտանգությանը, սակայն միայն այն դեպքում, երբ գործընթացը ղեկավարում են հենց տարածաշրջանի երկրները։ Իրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, այդ թվում «3+3» ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։
Հիշեցնենք, որ այս գիշեր Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր՝ խաղաղության ձգտումը հաստատելու նպատակով։ Փաստաթղթի տակ ստորագրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նույն արարողության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։