
Դոնալդ Թրամփը խնդրել է ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
Վաշինգտոնում երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպումների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում։
Թրամփը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է․
Կարծում եմ՝ նրանք դա կանեն ինձ համար։ Դա կարևոր է, չէ՞։
Նա խոստացել է դիմել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի ազատ արձակեն Բաքվում պահվող 23 հայերի, որոնցից շատերը Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են։
Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը այս հայտարարությունը համարել է «մեծ քայլ» իր պաշտպանյալի և մյուս գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Օգոստոսի 8-ին Թրամփը առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում։ Այդ հանդիպման արդյունքում ստորագրվել է յոթ կետից բաղկացած հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության պատրաստակամությունը։ Փաստաթղթի տակ ստորագրել են Փաշինյանը, Ալիևը և Թրամփը։
Գերիների շարքում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։ Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթացող դատավարությունը սկսվել է հունվարի 17-ին և քննադատվում է որպես շինծու ու քաղաքական նպատակներով պայմանավորված։