
Իրանի ղեկավարությունը մեկնաբանել է «Թրամփի ուղի» ճանապարհի բացման հարցը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել են Ադրբեջանը Նախիջևանին կապող «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի կառուցմանը։
Փեզեշքիանի խոսքով՝ իրանական լրատվամիջոցները ուռճացնում են իրավիճակը, և Իսլամական հանրապետության պահանջները կապված երթուղու հետ հաշվի են առնվել։ Նա նշել է, որ Իրանի տարածքային ամբողջականության հարցերը, ինչպես նաև երկրի ճանապարհները դեպի Եվրոպա կամ հյուսիս փակված չլինելու հանգամանքը, ներառվել են պայմանավորվածություններում։ Նախագահի խոսքով՝ միակ մտահոգությունն այն է, որ ճանապարհը կառուցելու են ամերիկյան և հայկական ընկերությունները։
Արտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը կանցկացնեն բարձր մակարդակով մի շարք խորհրդակցություններ։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույցներ են սպասվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ երեքշաբթի նախատեսված է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թեհրան։
Արաղչին ընդգծել է, որ միջանցքի հարցը լիովին հանված է օրակարգից, և խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհի, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ ՀՀ տարածքում։ Նա հավելել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությամբ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության մեջ հարգանք է դրսևորվում երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և դեմ արտահայտվում սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչը համապատասխանում է Իրանի դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի գիշերը Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր՝ խաղաղության ձգտումը հաստատելու նպատակով։
Այդ իրադարձությունից անմիջապես հետո Իրանը պաշտոնապես ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Սակայն Թեհրանը զգուշացնում է․ ցանկացած արտաքին միջամտություն կարող է վտանգել տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը։