
Սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում։ Այն այսօր շրջանառվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների շրջանում՝ առաջարկվող որոշման նախագծով։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ այս քայլը բխում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրից, որի երկրորդ կետում ամրագրված է Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում են ստորագրել, երկրների ղեկավարները կոչ են անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։
Նույն միջոցառման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։