
Մարտի 1-ի գործով 670 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ Քոչարյանի և մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել պետական շահերի պաշտպանության հայց՝ պահանջելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից բռնագանձել ընդհանուր առմամբ 670 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Այս գումարը, ըստ դատախազության, 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի հետևանքով տուժածներին և զոհվածների ընտանիքներին պետության կողմից հատկացվել է Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցներից։
Հայցադիմումը դատարան է ստացվել 2025 թվականի օգոստոսի 11-ին և մակագրվել դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կառավարությունը պահուստային ֆոնդից 720 միլիոն դրամ էր հատկացրել արդարադատության նախարարությանը՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Ըստ համապատասխան օրենքի՝ զոհվածի ընտանիքը ստացել է 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս ստացած անձը՝ 15 մլն դրամ, իսկ միջին ծանրության վնաս ստացածը՝ 5 մլն դրամ։