
Սամվել Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնել իր շարժման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հայտնել է «Մեր ձևով» շարժման մասին։ Գործարարը, որ արդեն մոտ երկու ամիս կալանքի տակ է, նամակ է հրապարակել իր պաշտպանական խորհրդի միջոցով, որով անդրադարձել է իր՝ ապագա շարժման մանրամասներին։ Հարկ է նշել, որ նա ձերբակալվել էր եկեղեցու պաշտպանությանը ուղղված հենց «Մենք էլ մեր ձևով ենք միջամտելու» հայտարարությունից հետո։
Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը հիմնված է հստակ գաղափարների վրա և ունի մեծ ծրագրեր Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝ զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան և ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին, — գրել է նա։
Կարապետյանը նշել է, որ «Մեր ձևով» շարժումը դառնալու է հիմք նոր քաղաքական ուժի ստեղծման համար, որի կարիքը, նրա խոսքով, զգացվում է այսօր։ Գործարարը նաև հիշեցրել է, որ վաղը կայանալու է իր կալանքի վերաբերյալ դատական նիստը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն էր իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։ Հունիսի 18-ին նա կալանավորվել է երկու ամսով և ներկայումս գտնվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում։ Հուլիսի 4-ին գործարարը մեկուսարանից ուղերձ էր հղել՝ հայտնելով նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրությունը։