
Հայաստան-Ադրբեջան սահմանին հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը
2024 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների հանձնաժողովների տասներորդ հանդիպումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպումը գլխավորել են երկու երկրների փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։
Հանդիպման ընթացքում Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով: Կանոնակարգը ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 1-ին։
Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների հերթականության հարցերի շուրջ: Քննարկվել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր: