
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը կալանավայրում վատացել է
Ազգային ժողովի ընդդիմադիր նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակը կալանավայրում վատացել է։ Նրա որդին՝ Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը, հայտնել է, որ գիշերը հորը տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն որոշ ժամանակ անց վերադարձրել են ՔԿՀ։
Հորս ճնշումը բարձր էր, սթրեսային վիճակում էր։ Հնարավոր եղավ նրան տեսնել ընդամենը մի պահ, երբ սայլակով տեղափոխում էին։ Ցավալի է, որ այս պայմաններում նրան հիվանդանոցում չեն թողնում։ 70 տարեկան մարդ է, քաղաքական կարծիք հայտնելու համար կալանավորված, բայց անգամ առողջական խնդիրների պարագայում չի ստանում անհրաժեշտ խնամք, – նշել է Սամվել Հակոբյանը։
Ըստ նրա՝ հիվանդանոցում կիրակի օրը համապատասխան մասնագետ չի գտնվել, ինչի հետևանքով որոշվել է Հակոբյանին վերադարձնել ՔԿՀ և կրկին բերել բժշկական զննման երկուշաբթի։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը հուլիսի 18-ին ձերբակալվել էր հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ» հնչեցնելու մեղադրանքով։ Հուլիսի 19-ին դատարանը նրան կալանավորել է երկու ամսով։
Կալանավայրից հղած նամակում Հակոբյանը գրել էր, որ չի զղջում իր քաղաքական հայտարարությունների համար։