ՀայաստանՔաղաքականություն

Իրանի նախագահը Հայաստան է գալիս․ տնտեսական ու ներդրումային նոր ծրագրեր օրակարգում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ իր առաջիկա այցերի ընթացքում՝ Հայաստան և Բելառուս, ուշադրության կենտրոնում կլինի մասնավոր ընկերությունների դերի ուժեղացումը և արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Խոսքը հատկապես համատեղ ներդրումային ծրագրերի մասին է։

Փեզեշքիանի խոսքով՝ քննարկումները վերաբերում են էներգետիկային, տրանսպորտին, առևտրին, առողջապահությանը, գիտությանը, մշակույթին ու զբոսաշրջությանը։ Իրանը կարևորում է նաև նոր համաձայնագրերի և հուշագրերի կնքումը՝ դրանք ժամանակին կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։

Իրանի նախագահը կրկին ընդգծել է՝ Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները հարևանների հետ և տարածաշրջանում հանդես գալ որպես կառուցողական գործընկեր։

Նշենք, որ Մասուդ Փեզեշքիանը Հայաստան կժամանի օգոստոսի 18-21-ը։ Օգոստոսի 19-ին Երևանում նախատեսված է գործարար համաժողով, որտեղ կներկայացվեն համագործակցության հնարավորությունները։